Մոլդովայում արգելվեցին ռուսաստանյան լրատվական հաղորդումները

Մոլդովա - Տեղական հեռուստաալիքներից մեկի հաղորդումը, արխիվ

Մոլդովայում ուժի մեջ է մտել ռուսաստանյան լրատվական հաղորդումների արգելման մասին օրենքը:

Օրենքը արգելում է Մոլդովայի տարածքում հեռարձակել ռազմական կամ քաղաքական այն հեռուստա- և ռադիոհաղորդումները, որոնք պատրաստված են Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան չվավերացրած երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում:

Ռուսաստանից ժամանցային և այլ հաղորդումների վերահեռարձակումը Մոլդովայում նույնպես արգելված է:

Երկրի նախագահ Իգոր Դոդոնի կարծիքով՝ այդ օրենքը «Մոլդովայի քաղաքացիների ազատությունների նկատմամբ բացահայտ ոտնձգություն է»: Փետրվարի 10-ին Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն ստորագրել է օրենքը, որը երկու անգամ նախագահի կողմից ետ է ուղարկվել: Դրանից հետո Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է նախագահին պաշտոնից և լիազորել խորհրդարանի խոսնակին ստորագրել օրենքը: