Նախ խորհրդարանի նախագահությունն Էրդողանին հանձնեց նախագահ ընտրվելու պաշտոնական արձանագրությունը, ինչից հետո Էրդողանն արտասանեց երդման տեքստը, և դահլիճում հնչեց օրհներգը:
Ապա նախագահ Էրդողանը մեկնեց Անիթքաբիր: Դա հենց Անկարայում է: Անիթքաբիրում է գտնվում արդիական հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը:
Այստեղ Էրդողանը ծաղկեպսակ է զետեղել և գրառում արել պատվավոր հյուրերի մատյանում:
Անիթքաբիրում էլ Էրդողանը հանդես է եկել կարճ ելույթով: Նա, մասնավորապես, ասել է, որ իբրև նախագահական համակարգի առաջին նախագահ, խոստանում է «ամրապնդել ժողովրդի միասնությունն ու եղբայրությունը, մեծացնել ու բարձրացնել երկիրը»:
Էրդողանը հռչակվել է հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ ընրտրությունների հաղթող՝ առաջին փուլում ստանալով քվեների մոտ 52,6 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունից առաջադրված Մուհարեմ Ինջեն քվեների 30,6 տոկոսն է ստացել և հենց նույն օրն ընդունել է պարտությունն ու հաջողություն մաղթել Էրդողանին:
Այդ օրը թուրքերն ընտրել են նաև Ազգային մեծ ժողովի պատգամավորներին, և Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունն առաջին տեղն է ապահովել, սակայն բացարձակ մեծամասնություն չի ստացել:
Այսօր երեկոյան տեղի կունենա խորհրդարանական համակարգից պաշտոնական անցումը նախագահական համակարգին, ինչից հետո կտրվի հանդիսավոր ընթրիք պետական բարձրաստիճան պաշտոնյաների և օտարերկրացի հյուրերի համար:
Էրդողանի երդմնակալությանը մասնակցում են 22 նախագահ, 17 վարչապետ, տասնյակ պետությունների փոխնախագահներ և խորհրդարանների խոսնակներ:
Ադրբեջանի պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Նովրուզ Մամեդովը: Վաղը Էրդողանը մտադիր է մեկնել Բաքու, որտեղ կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներն ընտրություններից հետո այցելում եմ միմյանց:
Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է: Ի դեպ, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության, այսօրվա հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով անձամբ Էրդողանից է հրավեր ստացել:
Թուրքիայի Հանրապետության ղեկավարը լրամշակված Սահմանադրությամբ կարող է կառավարություն կազմել, փոխնախագահներ նշանակել, ընդ որում, նա այլևս պարտավոր չէ այդ որոշումների համար ստանալ խորհրդարանի հավանությունը:
Ազգային մեծ ժողովին հետայսու վերապահվում է նախևառաջ օրենսդիր գործունեությունը և գործադիրի նկատմամբ բավական սահմանափակ հսկողություն իրականացնելու հնարավորությունը:
Սահմանադրական լրամշակումները հաստատվել են հանրաքվեով, որը տեղի է ունեցել անցյալ տարվա ապրիլին: Ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայի քաղաքացիների մոտ 51 տոկոսը քվեարկել է հօգուտ փոփոխությունների: Մեծ թվով թուրք և օտարերկրացի իրավապաշտպաններ պնդում են, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի են ունեցել խախտումներ:
Այսօր երեկոյան Էրդողանը կհրապարակի նոր կառավարության կազմը: Փաստորեն, առաջին անգամ ոչ թե վարչապետը, այլ նախագահն է դա անելու:
Էրդողանը խոստացել է նոր լիցք հաղորդել կառավարության աշխատանքին, արագ վճիռներով բարելավել տնտեսական և սոցիալական վիճակը:
Թուրքիայում նախարարությունների թիվը կրճատվելու է, մի շարք գերատեսչություններ միավորվելու են, ներկայիս 21-ի փոխարեն կգործի 16 նախարարություն:
Կարևոր խոստումներից մեկն էլ արտակարգ դրության չեղարկումն է, որը մտցվել է 2016 թվականի հուլիսյան ձախողված հեղաշրջման կապակցությամբ: Թուրքիայում դրանից հետո ձերբակալվել կամ պաշտոնանկ են արվել մոտ 100 հազար ծառայողներ և զինվորականներ, որոնցից 18,5 հազարը՝ միայն անցած կիրակի օրը:
Էրդողանի ընդդիմախոսները նշում են, որ միահեծան կառավարման կողմնակից նախագահը, ով դժվարությամբ է զսպում դիկտատորական հակումները, ստանալով նոր՝ աննախադեպ հզոր լծակներ, երկրում կարող է հաստատել ակնհայտ հակադեմոկրատական ավտորիտար իշխանություն: