Կադիրովի զարմիկը դարձավ Գրոզնիի քաղաքապետ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ իր զարմիկ Իբրագիմ Զաքրիևի հետ, արխիվ

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի զարմիկը դարձել է Գրոզնիի քաղաքապետ: Կադիրովի քրոջ՝ Զուլայի որդի Իբրագիմ Զաքրիևի օգտին է քվեարկել Գրոզնիի քաղաքային դումայի 27 պատգամավորներից 23-ը:

Չեչնիայի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում Զաքրիևը փոխարինում է Մուսլիմ Խուչևին, ով ստանձնել է ռուսաստանյան այդ հանրապետության վարչապետի պաշտոնը:

Զաքրիևը նախկինում աշխատել է Չեչնիայի ֆինանսների նախարարությունում, եղել է առաջին փոխվարչապետ, Չեչնիայի նախագահի քարտուղարության ղեկավար, ապա նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավար:

Իրավապաշտպաններն ու ակտիվիստները պնդում են, որ Չեչնիայի կառավարությունը ղեկավարում են հիմնականում Կադիրովի ազգականները:

2007 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Չեչնիայի նախագահի պաշտոնում նշանակված Կադիրովի կառավարման տարիները աչքի են ընկնում մարդու իրավունքների աննախադեպ խախտումներով, բռնաճնշումներով, ընդդիմադիրների սպանություններով: