Զիմբաբվեի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան: Ըստ պաշտոնական տվյալների՝ նրա օգտին է քվեարկել ընտրողների ավելի քան 50 տոկոսը: Ընդդիմության թեկնածուն՝ Նելսոն Չամիզան, հավաքել է 47 տոկոս:
Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, և պահանջում է վերանայել քվեարկության արդյունքները:
Ավելի վաղ Զիմբաբվեում նաև խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց արդյունքներով հաղթանակ է տարել Մնանգագվայի գլխավորած իշխող կուսակցությունը:
Ընտրություններն ուղեկցվել են զինվորականների հետ բախումներով, սպանվել է վեց մարդ, ավելի քան տասը վնասվածքներ են ստացել:
Սրանք առանց Ռոբերտ Մուգաբեի մասնակցության առաջին ընտրություններն են : Զիմբաբվեի նախկին առաջնորդը երկիրը անընդմեջ ղեկավարել է շուրջ 40 տարի: Անցյալ տարի, սակայն, ճնշումների արդյունքում նա հրաժարական է տվել: