Վրաստանի նախագահի թեկնածու, իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին, ում չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսի շեմը ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար, պատրաստ է շարունակել պայքարը:
Երկու օր տևած լռությունից հետո երեկ Զուրաբիշվիլին ի վերջո հանդես եկավ հայտարարությամբ, որն առաջինն է ընտրություններից հետո: «Միգուցե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե առաջին փուլի արդյունքները հաղթանակ չէ, սակայն կեղտոտ արշավի ֆոնին առաջին փուլում առաջին տեղ գրավելը հաղթանակ է: «Ռուսթավի 2»-ը կարծում է, թե ես կհանեմ թեկնածությունս. և ո՞ւմ թողնեմ երկիրը՝ Վաշաձեի՞ն և Ռուսաստանի՞ն: Ոչ, կարծում եմ՝ նրանք ինձ լավ չգիտեն: Ես կախեթցի և մեգրել եմ, հանուն իմ երկրի և ժողովրդի կգնամ մինչև վերջ: Ես պատրաստ եմ, մենք պատրաստ ենք», - երեկ հայտարարում էր նա:
Սալոմե Զուրաբիշվիլին նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտնվել է սկանդալի կենտրոնում, կոշտ քննադատության է ենթարկվել մասնավորապես 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին իր խոսքերի համար, թե պատերազմը սկսել է պաշտոնական Թբիլիսին՝ այժմ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արկածախնդրության արդյունքում:
66-ամյա նախկին դիվանագետը նախօրեին պայքարը շարունակելու մասին հայտարարեց Վրաստանում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների ֆոնին, ըստ որոնց՝ իշխող «Վրացական երազանք»-ը սխալվել է Զուրաբիշվիլիի հարցում: Այդ ենթադրություններն է՛լ ավելի հիմնավոր դարձան, երբ իշխող կուսակցության առաջնորդներից Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն բառացիորեն հայտարարեց, թե սխալ թեկնածուի են պաշտպանել:
25 թեկնածուներից երկրորդ փուլ անցած Զուրաբիշվիլին և նախկին նախագահ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր ուժի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն որպես առանձին քաղաքական գործիչներ հայրենակիցների շրջանում երբեք ժողովրդականություն չեն վայելել: Երկու թեկնածուներն էլ նախկին արտգործնախարարներ են, ընդ որում՝ երկու դիվանագետներն էլ այդ պաշտոնները զբաղեցրել են Սաակաշվիլիի նախագահության օրոք: Ինչպես նկատում է վրացական մամուլը, նրանք ևս մեկ ընդհանրություն ունեն՝ ներկայումս նախագահի աթոռի համար պայքարող այդ գործիչներից ոչ մեկը չի համապատասխանում գլխավոր սահմանադրական պահանջին՝ լինել վերկուսակցական և հասարակությանը միավորող, ինչը փաստվեց քարոզարշավի ընթացքում, որն անցել է աննախադեպ լարված մթնոլորտում՝ վարկաբեկող գաղտնալսումներից մինչև փոխադարձ հայհոյանքներ թեկնածուների միջև: Դիտորդները նշում են, որ դրանում ակտիվ ներգրավված էր հատկապես ընդդիմության դիրքերից հանդես եկող «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Որպես հակակշիռ՝ այսօր իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտարարում է ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ աշխատանքի արտակարգ ռեժիմի անցնելու մասին: «Նախընտրական շրջանում լինելու է առանձնահատուկ դժվար, քանի որ մի կողմում Միացյալ ազգային շարժումն է: Հեռուստաընկերությունն ու դրա սեփականատերերը իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է նշանակում այդ կուսակցության իշխանությունը: Այդ իսկ պատճառով, մենք կաշխատենք այնպես, որպեսզի նախկին իշխանությունը չվերադառնա», - հայտարարել է հանգուցյալ մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին պատկանող «Իմեդի»-ն, որը մինչ այդ էլ պաշտպանում էր իշխանական թեկնածուին՝ այդ թվում ֆինանսապես:
Միխեիլ Սաակաշվիլիի հայրենիք չվերադառնալու պատճառներից մեկը հենց «Իմեդի» հեռուստաընկերության և դրա նախկին սեփականատիրոջ անվան հետ կապվող քրեական գործերն են: Վրաստանի իշխանությունները պնդում են, թե նախկին նախագահը ավելի քան տասը տարի առաջ իր ենթակաների հետ մահափորձ է կազմակերպել մեծահարուստ գործարար, ընդդիմադիր Պատարկացիշվիլիի դեմ: Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերությունը զավթելու մեջ:
Սաակաշվիլիի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն շաբաթներ առաջ հայտարարել էր, թե հաղթելու դեպքում պատրաստ է քրեական պատասխանատվությունից ազատել նախկին նախագահին: Մեծ աղմուկ բարձրացրած այս հայտարարությունը ընդդիմության թեկնածուն ստիպված եղավ խմբագրել: Երեկ Վաշաձեն հավաստիացրեց, թե չի գնա այդ քայլին: Ինքը Նիդերլանդներում գտնվող Սաակաշվիլին, ով մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներում՝ այդ թվում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, հայտարարել է, թե համաներման կարիքը չունի և մտադիր է արդարության հասնել իրավական ճանապարհով: