Իսպանիան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ զիջումներ է պահանջում Ջիբրալթարի հարցում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես

Իսպանիան շարունակում է սպառնալ արգելափակել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագիրը, եթե լրացուցիչ զիջումներ չստանա Ջիբրալթարի հարցում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը:

Պաշտոնական Մադրիդի այս հայտարարությունը հնչում է Լոնդոնի և Բրյուսելի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին, սակայն առայժմ հստակ չէ , թե արդյոք կողմերը կհասնեն դրական արդյունքի:

Իսպանիան, որը կասկածի տակ է դնում Ջիբրալթարի նկատմամբ բրիտանական ինքնիշխանությունը, պահանջում է, որպեսզի փաստաթղթում ներառվի կետ, ըստ որի Ջիբրալթարի ապագան կորոշվի Մադրիդի և Լոնդոնի միջև ուղղակի բանակցությունների արդյունքում:

Եվրամիության անդամ մյուս երկրների առաջնորդները պատրաստ են համաձայնագրին հավանություն տալ նոյեմբերի 25-ին, սակայն Մեծ Բրիտանիայի ճակատագիրը այդ երկրի ներսում մնում է անհայտ:

Բրեքզիթի կողմնակիցները պնդում են, որ պայմանագիրը շահավետ է Թագավորության համար, մինչդեռ ընդդիմախոսները պահանջում են երկիրը Եվրամիությունից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել:

Վարչապետ Թերեզա Մեյը բացառել է նոր հանրաքվեի անցկացումը: