Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Կերչի նեղուցի միջադեպը սադրանք է, որը կազմակերպվելէ Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախաշեմին գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի վարկանիշը բարձրացնելու համար:
«Ինչ վերաբերում է Սև ծովում տեղի ունեցած միջադեպին, ապա դա սադրանք էր, անկասկած սադրանք, որը կազմակերպել է գործող իշխանությունը, կարծում եմ նաև գործող նախագահը (Պետրո Պորոշենկոն)»:
Պուտինի խոսքերով. «Ուկրաինայի գործող նախագահի վարկանիշը գարնանը նշանակված ընտրություններից առաջ 5-րդ հորիզոնականում ինչ-որ տեղ է, նույնիսկ հնարավոր է երկրորդ փուլ չանցնի, ուստի պետք է ինչ-որ բան անել, սրել իրավիճակը և անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել մրցակիցների, առաջին հերթին ընդդիմության թեկնածուների համար»,- ասել է Պուտինը «ВТБ կապիտալ» տարեկան միջոցառմանը:
Նա արդարացրել է ռուս սահմանապահների գործողությունները, ասելով թե նրանք պաշտպանել են Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:
Անցած կիրակի Կերչի նեղուցում ռուսական ուժերը ուկրաինական 3 ռազմանավ են կալանել ու ձերբակալել 24 նավաստիների՝ պնդելով որ նրանք խախտել են Ռուսաստանի ծովային սահմանները: