Կադիրովի նժույգներն իրենից եռակի շատ են վաստակում․ հետաքննություն

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը նժույգով, արխիվ

Ռամզան Կադիրովի նժույգները երեք անգամ ավելի շատ են վաստակում, քան ինքը՝ Չեչնիայի առաջնորդը: Այս մասին ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Ռուսաստան» կազմակերպության հետաքննության մեջ:

Աղբյուրի համաձայն՝ չորս տարվա ընթացքում նժույգները ապահովել են շուրջ 100 միլիոն ռուբլի եկամուտ: Այդ գումարները Կադիրովը չի հայտարարագրել:

Ընդ որում, կազմակերպությունը հաշվի չի առել այն մրցանակները, որոնց Կադիրովի ձիերն արժանացել են եվրոպական երկրներում: Վերջին չորս տարվա ընթացքում այդ գումարը կազմել է 11․6 միլիոն ռուբլի: Բայց քանի որ Չեչնիայի առաջնորդի անունը ներառված է Եվրամիության պատժամիջոցների ցանկում, հետևաբար եվրոպական կազմակերպությունները իրավունք չունեն նրան մրցանակներ հանձնել:

2015 թվականին Չեխիայում Կադիրովի նժույգներին մարզող Արսլանգիրեյ Շավուևը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ իր տրամադրության տակ գտնվող զույգի արժեքը 250 հազար եվրո է:

Ըստ տարբեր աղբյուրների՝ Կադիրովի թանկարժեք ձիերի թիվը հասնում է 128-ի, իսկ նրանց խնամելը տարեկան կարող է կազմել 46 միլիոն ռուբլի, ինչը գերազանցում է Չեչնիայի նախագահի հայտարարագրած եկամուտը: