ԱՄՆ ընդլայնեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը

Միացյալ Նահանգներն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ավելացնելով Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ կասկածվող Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության (ГРУ) աշխատակիցներ Անատոլի Չեպիգային և Ալեքսանդր Մաշկինին:

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան և Կանադան ռուսաստանյան այդ կառույցին մեղադրում են աշխարհով մեկ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ:

Ամերիկյան կառավարությունն ամիսներ առաջ Ռուսաստանի թերևս ամենաազդեցիկ ծառայության՝ ГРУ-ի մի խումբ աշխատակիցների դեմ մեղադրանքներ է առաջադրել, նրանց մի մասն անցնում է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության գործով:

ԱՄՆ-ի նոր սահմանափակումները կտարածվեն նաև նախագահ Պուտինի մերձավորներից համարվող ռուսաստանցի օլիգարխ Եվգենի Պրիգոժինի անվան հետ կապվող ընկերությունների վրա: