Ներկայացուցիչների տունը չի տրամադրում գումար պատի համար

ԱՄՆ Ներկայացուցիչների տան նորընտիր խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպելու է Ներկայացուցիչների տան ղեկավարների հետ և քննարկելու է բյուջեի խնդիրը:

Դաշնային կառավարության ֆինանսավորումը մասնակի սառեցվել է, քանի որ Թրամփը պահանջում է օրենսդիրներից բյուջեի նախագծում ներառել ավելի քան 5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար:

Դեմոկրատները դեմ են այդ առաջարկին: Նրանք երեկ՝ նորընտիր Ներկայացուցիչների տան առաջին իսկ նիստում, հաստատել են բյուջեի նախագիծը, որի համաձայն՝ պետական ծախսերի վերին շեմը չի կարող գերազանցել 1 տրիլիոն 300 միլիարդ դոլարը: Նախագծում չկա հատկացում պատի կառուցման համար:

Թրամփը պնդում է, որ իր առաջարկը կարևոր է երկրի անվտանգության համար: Երեկ Թվիթերում նա գրել է՝ «Կառուցել պատը»:

Ենթադրվում է, որ նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների տանը հստակ մեծամասնություն ապահոված դեմոկրատներն այսօր կայանալիք հանդիպման ընթացքում չեն զիջի:

«Պատ չի լինի», - երեկ հայտարարել է Ներկայացուցիչների տան խոսնակ ընտրված Նենսի Փելոսին:

Դոնալդ Թրամփի պնդմամբ, պատը պետք է կառուցել Միացյալ Նահանգներն ապօրինի միգրանտներից և թմրադեղի ներմուծումից պաշտպանելու համար:

2016 թվականի նախընտրական արշավի օրերին նա հայտարարել է, որ հենց Մեքսիկային կստիպի ֆինանսավորել պատի կառուցումը: Մեքսիկան անմիջապես բացառել է այդ հնարավորությունը: