Քննիչները պնդում են, որ Ամանորին Մագնիտոգորսկում շենքը գազի արտահոսքից է ավերվել

Մագնիտոգորսկում դեկտեմբերի 31-ին բնակելի շենք է ավերվել:

Ռուսաստանի քննչական ծառայությունը հաղորդել է, որ Մագնիտոգորսկում 2018 թվականի դեկտեմբերի 31-ին բնակելի շենքի փլուզման հավանական պատճառը գազի արտահոսքն է: Այս հայտարարությունը Քննչական կոմիտեն տարածել է այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» զինյալ շարժումը պատասխանատվություն է ստանձնել շենքի պայթեցման համար:

«Քննչական կոմիտեն վթարի առաջին իսկ օրվանից ուսումնասիրել է բոլոր հնարավոր վարկածները, խնդրում ենք, նկատի առեք, որ մեր փորձագետները պայթուցիկների հետքեր չեն հայտնաբերել», - ասել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի խոսնակ Սվետլանա Պետրենկոն:

Լրատվական երկու աղբյուրներ հաղորդել են, իբր բնակելի շենքի երկու մուտքերի փլուզումից հետո հայտնաբերվել են պայթուցիկների հետքեր, ինչն ընձեռում է միջադեպն ահաբեկչական գրոհ որակելու հնարավորություն:

Ըստ անկախ աղբյուրների կողմից չհաստատված այդ պնդման, շենքի փլուզումը գուցե առնչություն ունի Մագնիտոգորսկում հունվարի 1-ին տեղի ունեցած մեկ այլ միջադեպի հետ, որի ընթացքում ավերված շենքից 3 կիլոմետր հեռավորության վրա հրդեհվել է մի փոքր բեռնատար: Այդ միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ: Իրավապահները հայտնել են, որ բեռնատարը հրդեհվել է գազի բալոնի պայթյունից:

Մագնիտոգորսկում դեկտեմբերի 31-ին շենքի փլուզման հետևանքով զոհվել է 39 բնակիչ: