Պակիստանում բենզատարի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ

Պակիստանի հատուկ ծառայությունը վթարի զոհերի դիակները փոխադրում է ԴՆԹ ստուգման կենտրոն, Կարաչի, 22-ը հունվարի, 2019թ.

Պակիստանում վառելիք փոխադրող բեռնատարի և ուղևորատար ավտոբուսի բախման առաջացրած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ:

Ողբերգությունը տեղի է ունեցել Կարաչիի նավահանգստի մոտակայքում, որտեղ 33 ուղևոր փոխադրող ավտոբուսը Բալուջիստանի նահանգ տանող ճանապարհին բախվել է բենզատարին, ինչի արդյունքում երկու մեքենաներն անմիջապես հրդեհվել են:

Կրակն այնքան հզոր է եղել, որ զոհերի ինքնությունը պարզելու համար պահանջվում է ԴՆԹ (DNA) քննություն անցկացնել:

Բալուջիստանի նահանգի ավագ նախարար Ջամ Քամալը կարգադրել է քննություն անցկացնել և պարզել վթարի հանգամանքները:

Պակիստանում ճանապարհների և տրանսպորտի միջոցների անմխիթար վիճակի հետևանքով ամեն տարի տեղի են ունենում բազմաթիվ վթարներ, տարեկան զոհվում է ավելի քան 5 հազար մարդ: