Կարակաս մեկնած ռուսական օդանավը վերադարձել է Մոսկվա

Վենեսուելա - Ռուսական Nordwind ավիաընկերության Boeing 777-200ER օդանավը թռիչք է կատարում Կարակասի օդանավակայանից, 30-ը հունվարի, 2019թ․

Ռուսական «Բոինգ»-ը, որը մինչ այժմ անհայտ նպատակներով երեկ մեկնել էր Վենեսուելայի մայրաքաղաք, այսօր վերադարձել է և վայրէջք կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:

Օդանավի անձնակազմի, ուղեբեռի ու Կարակաս մեկնելու նպատակների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում:

Երեկ Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Խոսե Գերրան հայտարարել էր, թե Կենտրոնական բանկը ծրագրում է երկրից 20 տոննա ոսկի հանել, ենթադրաբար՝ ռուսական ինքնաթիռով:

Bloomberg-ի աղբյուրները հաղորդել են, որ Վենեսուելայի Կենտրոնական բանկը իսկապես 20 տոննա ոսկի է պատրաստել, որի արժեքը մոտավոր հաշվարկներով կազմում է 840 միլիոն դոլար:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե որևէ տեղեկություն չունի Կարակասից Մոսկվա ոսկի տեղափոխելու ծրագրերի մասին: