Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բաղդադից թույլտվություն չի խնդրել Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի միջոցով «Իրանին հետևելու» համար:
Թրամփը հեռուստատեսային հարցազրույցում ասել էր, թե ԱՄՆ-ը Իրաքում «անհավանական բազա» ունի, որն ինքը մտադիր է պահպանել, քանի որ ցանկանում է «Իրանին հետևելու հնարավորություն ունենալ»:
Իրաքում տեղակայված շուրջ 5 հազար ամերիկացի զինվորական կա՝ այդ երկրի անվտանգության ուժերին վերապատրաստելու, խորհրդատվություն և օժանդակություն ցուցաբերելու համար:
Ամերիկացի զինծառայողներն Իրաքում են երկու երկրների միջև համաձայնագրի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարի կոնկրետ առաքելություն ունեն, ընդգծել է Սալիհը երեկ Բաղդադում կայացած համաժողովի ժամանակ` հավելելով, որ նրանք պետք է հավատարիմ մնան այդ առաքելությանը: