Հայաստանի նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ համաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի Գերմանիայի հնագույն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ներկաների հարցերին:

Արմեն Սարգսյանը նաև կհանդիպի գիտական և գործարար շրջանակների հետ, կայցելի Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:

Հիշեցնենք՝ փետրվարի 16-18-ը կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: