Միացյալ Նահանգների ամենահայտնի իսպանախոս լրագրող Խորխե Ռամոսը երկուշաբթի օրը ձերբակալվել է Կարակասում՝ Վենեսուելայի նախագահի նստավայրում Նիկոլաս Մադուրոյի հետ հարցազրույցի ժամանակ: Շուրջ երեք ժամ պահվելուց հետո Ռամոսն ու իր հեռուստատեսային խումբը ազատ են արձակվել, հայտնում են ամերիկյան աղբյուրները:
Ռամոսը, ով ԱՄՆ-ում ամենաբարձր վարկանիշն ունեցող Univision իսպանալեզու հեռուստաընկերության հաղորդավարն է, Կարակաս է ժամանել Մադուրոյի հետ հարցազրույց անելու նպատակով: Ինչպես հեռախոսով փոխանցել է լրագրողը, «հարցազրույցի մեկնարկից մոտ 17 րոպե անց Մադուրոյին սկսել են դուր չգալ հնչող հարցերը՝ Վենեսուելայում ժողովրդավարության բացակայության, քաղբանտարկյալների, մարդասիրական ճգնաժամի մասին»: «Նա հեռացավ, երբ ես ցույց տվեցի աղբամաններում ուտելիք փնտրող երիտասարդների լուսանկարները», - նաև պատմել է լրագրողը:
Univision-ի փոխանցմամբ՝ Ռամոսն ու նկարահանող խումբը ձերբակալվել են, իսկ նրանց նյութերը՝ առգրավվել:
Վենեսուելայի իշխանությունները հերքել են այդ մեղադրանքները և հայտարարել, որ լրագրողը վիրավորել է նախագահ Մադուրոյին՝ նրան անվանելով «մարդասպան» և «բռնապետ», ինչի պատճառով էլ հարցազրույցն ընդհատվել է: