Զարիֆը հրաժարականի դիմումը ներկայացրել էր Ասադի այցից տեղյակ չլինելու պատճառով

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անցած շաբաթ հրաժարականի դիմում ներկայացնելու իր քայլը բացատրել է Սիրիայի նախագահի այցից տեղյակ չլինելու հանգամանքով: Այդ մասին հաղորդում է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը՝ ISNA-ն:

Ըստ գործակալության, Զարիֆն ասել է, թե տեղյակ չի եղել Թեհրան այցելելու Բաշար ալ-Ասադի մտադրության մասին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է Զարիֆի հրաժարականի դիմումը:

Իրանի խիստ պահպանողական քաղաքական-կրոնական շրջանակները Զարիֆին մեղադրում են միջազգային տերությունների հետ 2015 թվականին միջուկային պայմանագիրը կնքելու համար, պնդելով, որ այդ փաստաթուղթը Թեհրանի դիվանագիտության պարտությունն է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին հայտարարել է պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ու խստացնելու մասին:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ընդունել է Բաշար ալ-Ասադին:

Միաժամանակ հաղորդվում է, որ Խամենեին սատարում է արտգործնախարար Զարիֆին: