ԱՄՆ օրենսդիրները սպասում են Մյուլերի զեկույցին

ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարր, արխիվ

Ամերիկացի օրենսդիրները սպասում են 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքներին:

Մյուլերը մարտի 22-ին իր զեկույցը հանձնել է արդարադատության նախարար Ուիլյամ Բարրին:

Նախարարը Կոնգրեսի լիդերներին ուղղված նամակում հայտնել է, որ «հավանաբար այս շաբաթավերջին կներկայացնի զեկույցում տեղ գտած հիմնական եզրագհանգումները»:

Մյուլերի թիմը 22 ամիս է հետաքննել Դոնալդ Թրամփի և նրա մերձավորների կապերը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Արդարադատության նախարարությունը, Սպիտակ տունը և Կոնգրեսը պետք է որոշեն, թե զեկույցն ինչ ծավալով կհրապարակվի ամերիկյան հանրության համար:

Մի խումբ օրենսդիրներ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Սպիտակ տունը կարող է կասեցնել Թրամփի համար առավել անբարենպաստ փաստերի հրապարակումը:

Մեծ թվով հանրապետականներ և դեմոկրատականներ պահանջում են ամբողջությամբ հրապարակել զեկույցը:

Դեմոկրատականները պնդում են, որ Սպիտակ տունը չպետք է ունենա զեկույցի մանրամասները խմբագրելու և հանրությունից թաքցնելու իրավունք: