Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը մայրաքաղաք Դամասկոսում Վենեսուելայի պաշտոնակից Խորխե Արեացայի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Սիրիան բոլոր միջոցների կդիմի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:
Այդպես Մոալեմն արձագանքել է Գոլանի բարձունքներն Իսրայելի ինքնիշխանության տակ ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը:
«Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի փորձը հակառակ արդյունքն է տվել՝ այն մերժել են ՄԱԿ-ը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Արաբական լիգան», - ասել է սիրիացի նախարարը:
Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեացան ասել է, որ Վենեսուելան պետք է օրինակ վերցնի Սիրիայից ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
«Սիրիայի և Վենեսուելայի ժողովուրդները պայքարում են իմպերիալիզմի և ամերիկյան դավադրությունների դեմ», - ասել է Վենեսուելայի արտգործնախարարը:
Ավելի վաղ Խորխե Արեացային ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: