Հյուսիսային Իռլանդիայում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվել է մեկնաբանել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցը Կոնգրեսում արծարծելու թեման: Նա ասել է, որ պարկեշտ չէ արտասահմանում գտնվելիս քննադատել երկրի ղեկավարին:
«Այսպես ասեմ՝ ամեն անգամ, երբ ես և իմ գործընկերները մեկնում ենք արտասահման, մենք գիտակցում ենք, որ երկրից դուրս չենք եկել Միացյալ Նահանգների նախագահին քննադատելու համար, մենք կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց այստեղ նրան քննադատելու համար չենք եկել», - ասել է Փելոսին:
Ամերիկացի վերլուծաբանների փոխանցմամբ, Ներկայացուցիչների տանը գերիշխող մեծամասնություն ունեցող դեմոկրատները հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցի հրապարակումից հետո կարող են իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել, սակայն Թրամփին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է նաև Սենատի աջակցությունը: Մինչդեռ Սենատում մեծամասնություն ունեն Թրամփի կուսակից հանրապետականները, ինչը գործնականում իմպիչմենտը կդարձնի անհնարին: