Իսպանիայում կատալոնացիները կրկին անկախության հարց են բարձրացնում: Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած ուժերը գործող վարչապետ Պեդրո Սանչեսին հորդորում են երկրամասի կարգավիճակի հարցով քննարկումներ սկսել:
Սանչեսի Սոցիալիստական կուսակցությունը ստացել է քվեների մեծամասնությունը, բայց ոչ այնքան, որ կարողանա միանձնյա կառավարություն ձևավորել:
«Հիմա արդեն պետք է քննարկել ոչ թե այն՝ ինչ կարող է անել Բարսելոնան սոցիալիստների համար, այլ հարցը, թե ինչի են պատրաստ սոցիալիստները հանուն Բարսելոնայի», - հայտարարել է Կատալոնիայի ձախ հանրապետականների պատգամավոր Գաբրիել Ռուֆիանը:
Անջատական ուժը, որի առաջնորդ Օրիոլ Ժունկերասը կալանավորված է 2017 թվականի անկախության հանրաքվեից հետո, անցած կիրակի առաջին անգամ հաջողության հասավ համապետական ընտրություններում՝ ստանալով 15 մանդատ: