Ծնունդով նյույորքցի Թրամփի համար Ֆլորիդան կարևոր նահանգ է և հզոր հենակետ: Նա նույնիսկ ասել է, որ Ֆլորիդան իր երկրորդ տունն է: Այստեղ նա ունի մեծ թվով երդվյալ աջակիցներ, ովքեր եռանդով ու ոգևորությամբ են արձագանքել նախագահության երկրորդ ժամկետի համար պայքարելու Թրամփի մտադրությանը:
Մելանիա Թրամփը հավաստիացրել է, որ իր համար պատիվ էր երկու տարի ծառայել որպես առաջին տիկին, և ինքը պատրաստ է դա անել ևս 6 տարի:
Դոնալդ Թրամփը Օրլանդոյի լեփ-լեցուն մարզահամալիրում, որտեղ սկսել էր նաև 2016 թվականի ընտրարշավը, երեկ գովեստով է խոսել նախագահության առաջին ժամկետի մասին՝ ասելով, որ երկիրը հզորացել է, բարգավաճում է:
Տնտեսությունն աճում է, ապօրինի ներգաղթյալների մուտքը փակվում է, Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցվում է, այն նույնիսկ ավելի ամուր է և ավելի էժան՝ շնորհիվ իր ընտրած նոր դիզայնի:
Թրամփն ասել է, որ պաշտոնավարման առաջին ժամկետի առաջին իսկ օրվանից բիրտ և անարդար հարձակումների է ենթարկվել «ֆեյք» լուրեր տարածող լրատվամիջոցների կողմից:
Խոսելով 2016 թվականի ընտրություններին ռուսների միջամտության հարցով հետաքննության և հատուկ դատախազ Ռոբերտ Մյոլերի զեկույցի մասին՝ Թրամփն ասել է, թե դա «Ամերիկայի պատմության ընթացքում ամենաահավոր վհուկաորսն էր», որն այնուամենայնիվ բացարձակ ապարդյուն էր:
«Պետությունը փող է ծախսել, միջոցներ է հատկացրել, սակայն ռուսների հետ շահերի բախման և ինչ-որ գործարքի վերաբերյալ ոչ մի ապացույց չկա», - ասել է Թրամփը:
Նրա պնդմամբ, հուսահատված դեմոկրատականները շարունակում են հարձակումները և իրեն վարկաբեկելու փորձերը:
Նա ասել է, թե 2020 թվականին դեմոկրատական թեկնածուին տրված յուրաքանչյուր քվեն գործնականում կլինի քվե ապօրինի միգրանտներին և ամերիկյան արժեքներն ուրացողներին:
«Ինչ պիտակ էլ տան, ինչպես էլ պատճառաբանեն՝ 2020-ին դեմոկրատներին տրված քվեն կդառնա քվե հօգուտ արմատական սոցիալիզմի աճի և ամերիկյան երազանքի քայքայման», - հավելել է Թրամփը:
Մինչդեռ իր պաշտոնավարման ընթացքում, ըստ Թրամփի, Ամերիկան ստեղծել է «տնտեսություն, որին ամբողջ աշխարհն է նախանձում»:
Հանրային կարծիքի հարցումները, այնուամենայնիվ, վկայում են, որ ընտրությունների արդյունքի առումով վճռորոշ նահանգներում Թրամփը վարկանիշով զիջում է դեմոկրատական հավանական թեկնածուներին, այդ թվում նախկին փոխնախագահ Ջո Բայդենին և սենատոր Բերնի Սանդերսին: