ԵՄ-ն տակավին չի կարողանում ղեկավարներ ընտրել

Եվրոպական խորհրդի ժողովը, Բրյուսել, 30 հունիսի, 2019թ.

Եվրոպական միության ղեկավարները չեն համաձայնեցրել բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության հարցը: Քննարկումները սկսվել են անցած կիրակի օրվանից և չեն ավարտվել:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների թվում առաջատարը համարվում է Ֆրանս Տիմերմանսը, սակայն Եվրամիության Արևելյան Եվրոպայի երկրներն, այդ թվում Հունգարիան և Լեհաստանը, դեմ են հոլանդացի քաղաքական գործչի ընտրությանը:

Տիմերմանի հիմնական մրցակիցը Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, գերմանացի Մանֆրեդ Վեբերն է, բայց նրա թեկնածությանն էլ դեմ է պետությունների մեկ ուրիշ խումբ, որի թվում է՝ Ֆրանսիան:

Եվրոպական հանձնաժողովի նախագահից զատ պետք է ընտրվեն նաև Եվրախորհրդարանի խոսնակը, Եվրոպայի խորհրդի նախագահը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահը և արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը: Ընտրությունների հարցով հաջորդ նիստն այսօր է գումարվում: