Իրանը կբանակցի միայն պատժամիջոցների չեղարկման պարագայում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Թեհրան, 27 օգոստոսի, 2019թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ կացնկացվեն միայն պատժամիջոցների չեղարկումից հետո:

Այդպես Ռոհանին արձագանքել է «ճիշտ հանգամանքներում» իրանական կողմի հետ բանակցելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

Այսօր ելույթ ունենալով Թեհրանում, Ռոհանին ասել է, որ Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, սակայն «դրա համար անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը նախևառաջ չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված ապօրինի, անարդար պատժամիջոցները»:

Ռոհանին ավելացրել է, որ այլապես Իրանը կշարունակի աստիճանաբար հրաժարվել 2015 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորություններից:

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ Թրամփը 2018 թվականի մայիսին հայտնել է 2015 թվականի միջուկային պայմանագրից հրաժարվելու, պատժամիջոցները վերականգնելու և խստացնելու մասին:

Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը պնդում են, որ հարկ է պահպանել այդ պայմանագիրը:

Այդ փաստաթղթով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ակտիվությունը: Միջազգային գերտերություններն, իրենց հերթին, պետք է աստիճանաբար թուլացնեն Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները: