Զելենսկին հերքում է, թե Թրամփն իր նկատմամբ ճնշում է գործադրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Կիև, 10-ը հոկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքում է պնդումները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նկատմամբ ճնշում է գործադրել:

Այսօր Կիևում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Զելենսկին վստահեցրել է, որ Թրամփը չի փորձել շանտաժի ենթարկել իրեն ոչ հուլիսյան հեռախոսազրույցի, ոչ էլ սեպտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի նպատակն այդ հանդիպումը կազմակերպելն էր: Բացի այդ, Զելենսկին ցանկանում էր Սպիտակ տան ղեկավարին ապացուցել, որ Ուկրաինան կոռուպցիոներների երկիր չէ, և նոր ղեկավարությունը մտադիր է պայքարել կաշառակերության դեմ:

«Ոչ միայն Թրամփին, այլ նաև ԱՄՆ-ի շատ ներկայացուցիչների հետաքրքրում է, թե ուր են գնում ամերիկյան հարկատուների փողերը», - նշել է Զելենսկին:

Նախագահներ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցը Միացյալ Նահանգներում հետաքննության առարկա է դարձել: Ընդդիմադիր դեմոկրատները, վկայակոչելով ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակցի գրավոր բողոքը և հեռոախոսազրույցի հրապարակված բովանդակությունը, պնդում են, թե Սպիտակ տան ղեկավարն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները քրեական գործ հարուցեն իր մրցակցի՝ նախկին փոխնախագահ, նախագահի հավանական թեկնածու Ջո Բայդենի և նրա որդու դեմ: Այդ հեռախոսազրույցի պատճառով դեմոկրատները նախագահի պաշտոնանկության գործընթաց են սկսել։