Բլումբերգը կրկին նշանակվեց կլիմայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգ, արխիվ

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կրկին նշանակվեց կլիմայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց։

2019 թվականին Բլումբերգը թողել էր այդ աշխատանքը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով։

ՄԱԿ-ը տարածած հայտարարությամբ նշում է, որ Բլումբերգն «աջակցում է Գլխավոր քարտուղարի ջանքերին՝ ուղղված Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը»։

2015 թվականին Փարիզում ստորագրված միջազգային պայմանագրով անդամ երկրները, որոնց բաժին է հասնում վնասակար արտանետումների 65 տոկոսը և որոնք ներկայացնում են համաշխարհային ՀՆԱ-ի 70 տոկոսը, պարտավորվել են կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, քարածուխ ու ածխաջրածին այրելու փոխարեն կիրառել բնության համար ոչ վնասակար տեխնոլոգիաներ։