Ռումինիան արտաքսում է ռուսաստանցի դիվանագետի

Ռումինիայի իշխանությունները երկրից արտաքսում են ռուսաստանցի դիվանագետի՝ Բուխարեստում Ռուսաստանի ռազմական կցորդի խորհրդական Ալեքսեյ Գրիշևին։

Ռումինիայի արտգործնախարարությունը նրան մեղադրում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող քայլերի և գործունեության մեջ։

Այսպիսով Ռումինիան, հետևելով Եվրամիության անդամ մի շարք երկրներին՝ Բալթյան երկրներին, Լեհաստանին, Սլովակիային, ի նշան Չեխիայի հետ համերաշխության՝ քայլեր է ձեռնարկում ռուսաստանյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների նկատմամբ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում, Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին, մի շարք երկրներ, այդ թվում` Միացյալ Նահանգները, Ուկրաինան արտաքսել են ընդհանուր առմամբ չորս տասնյակ ռուս դիվանագետների։ Մի շարք մայրաքաղաքներում պնդում են, որ վտարված ռուս պաշտոնյաները ոչ թե դիվանագետներ, այլ լրտես կամ հետախույզ են։