Ադրբեջանում ձերբակալվել է ևս մեկ իրանամետ հոգևորական։ Սաբուի Սալիմովը բերման է ենթարկվել հոկտեմբերի 20-ին, և մինչ օրս ընտանիքի անդամներին չի հաջողվում տեղեկություններ ստանալ նրա մասին, հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով շիա մահմեդականի կնոջը՝ Ֆաթիմա Սալիմովային։
Լրատվամիջոցի հարցումներին իրավապահները չեն պատասխանել։
Թեհրանի և Բաքվի միջև դիվանագիտական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում անցած օրերին ձերբակալվեցին հինգ շիա մահմեդականներ, նրանցից մեկին՝ շիա քարոզիչ Սարդար Բաբաևին մեղադրանք առաջադրվեց պետական դավաճանության հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանք առաջադրվեց իրանամետ հոգևորականինՄինչ այդ էլ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության որոշմամբ մայրաքաղաքում փակվեց շիա հոգևորականների կրոնական կենտրոնը համարվող Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը, պաշտոնական պարզաբանման համաձայն՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով:
Ադրբեջանա-իրանական բարիդրացիական հարաբերությունների խորհրդանիշներից համարվող այդ մզկիթում ելույթ էին ունենում իրանցի բարձրաստիճան քաղաքական և կրոնական գործիչներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի հարևաններ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը օրեցօր աճում է