Պետդեպը մինչև 15 մլն դոլար է խոստանում DarkSide-ի մասին տեղեկատվության համար

Երեկ Պետքարտուղարությունը հայտարարել է մինչև 10 միլիոն դոլար պարգևավճարի մասին՝ տեղեկատվության համար, որը Միացյալ Նահանգների իշխանություններին կօգնի բացահայտել կամ գտնել այն մարդկանց տեղակայման վայրը, ովքեր ղեկավարում են DarkSide կիբերհանցագործություններ կատարող կազմակերպությունը։ Ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ, FBI)՝ կազմակերպությունը գտնվում է Ռուսաստանում:

ՀԴԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ DarkSide-ը պատասխանատու է ամերիկյան Colonial խողովակաշարի վրա մայիսյան կիբերհարձակման համար: Խողովակաշարի աշխատանքը մի քանի օրով դադարեցվել էր, ինչի հետևանքով բենզինի գները բարձրացել էին, բենզալցակայաններում հերթեր էին առաջացել:

Պետքարտուղարությունը նաև խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար՝ հանցավոր գործողությունների մասնակիցներից որևէ մեկի մասին տեղեկատվության համար, որոնցում ներգրավված է եղել DarkSide-ը: