Փաշինյանը շնորհավորեց կաբինետի անդամներին. «Դուրս ենք եկել նոր հարթություն»

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում», - այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով, նախագահի, խոհրդարանական գործընկերների, նաև խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության, ներառյալ մարզպետների մասնակցությամբ Վաշինգտոն մեկնելուց առաջ խորհրդակցություններ, տեքստի վերլուծություններ ենք ունեցել և եկել այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել», - նշել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ, նոր հարթություն. - «Այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան պետք է ավելին լինի, առջևում շատ մեծ աշխատանք կա անելու, բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ ստեղծագործ աշխատանք է, և մենք բոլորս պետք է առավելագույնս կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»:

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:

Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ էլ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը: Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին 17 կետանոց փաստաթուղթը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը