«Մենք երբեք բավարարված չենք եղել այն աշխատանքից, որ այդ պահին գործող ԱՄՆ վարչակազմն իրականացրել է». Փաշինյանի արձագանքը՝ Օ’Բրայենին

«Եթե պարոն Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ Հայաստանը, ցավոք, ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով նախօրեին ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի արած հայտարարություններին:

Փաշինյանը հշեցնելով 2021 և 2022 թվականների իրադարձությունները՝ նշեց. - «Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից ու աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն աջակցելու համար»:

«Արձանագրենք, որ պարոն Օ’Բրայենը նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից, և նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան: Այս դիրքորոշումից արդեն պարոն Օ’Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ», - ասաց վարչապետը:

Ջեյմս Օ’Բրայենը, որը ԱՄՆ նախորդ նախագահի՝ Ջո Բայդենի վարչակազմում զբաղվում էր հենց հայ-ադրբեջանական խաղաղության ու ապաշրջափակման հարցերով, հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանը մեծ հաղթանակ տոնեց, Ամերիկան Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության մասին հայտարարությունների դիմաց, մինչդեռ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպիտակ տանը ԱՄՆ-ն Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության հայտարարությունների դիմաց, Երևանը հայտնվեց խոցելի վիճակում. Օ’Բրայեն

Դեռ 2023-ին Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ հայ-ամերիկյան շփումները երբեք չեն ունեցել այն մակարդակը, ինչ՝ այդ պահին:

2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետին հղած նամակում այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել էր. «Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»:

«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը», - գրում էր Բայդենը Փաշինյանին:

Հայաստանի վարչապետին ԱՄՆ առաջնորդը վստահեցրել էր, որ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը «վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»։

2024-ի հունիսին Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու իրական ու պատմական հնարավորություն կա։ Նա նշել էր՝ ԱՄՆ մեծ ներուժ ունի նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

Ջո Բայդենի վարչակազմի օրոք Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը և ԱՄՆ-ը ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը