Հանրային ռադիոընկերության նախկին ղեկավարն անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքն ու կարծիք հայտնում, փորձում են այնպես անել, որ ինքը հետ կանգնի նոր տնօրենի մրցույթը վիճարկող իր բողոքից, որ դատավարությունը տեղի չունենա։
«Ուզում եմ ասեմ, որ քրեական գործը ոտքից գլուխ կեղծ է և իրականության հետ աղերս չունի, և դա վարչական ու քաղաքացիական ընթացակարգերով գնացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու միջոց է», - նշեց Գարեգին Խումարյանը։
Քննչականը վարչապետին քննադատած Հանրային ռադիոյի նախկին տնօրենին մեղադրում է ապացույցները կեղծելու համար։ Իրավապահները պնդում են, թե Գարեգին Խումարյանը բաց է թողել մրցույթի արդյունքները բողոքարկելու ժամկետը, և որպեսզի այդ բացը համարվի հարգելի ու հնարավորություն ունենա նորից վիճարկել այդ որոշումը, դատարան է ներկայացրել կեղծ փաստաթուղթ։
Ըստ իրավապահների՝ Խումարյանը գրել է, քանի որ անգործ է մնացել, գումար չի ունեցել վճարովի իրավաբանական ծառայություններից օգտվելու համար ու բաց է թողել դատարան դիմելու ժամկետը, այնինչ, ըստ Քննչականի, նա ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել դատարան ներկայացվող փաստաթղթում։ Մինչդեռ Խումարյանը դատարանին պարզաբանել է, որ զրկված է եղել որևէ այլ եկամուտի աղբյուրից, հայտնվել է սոցիալապես խոցելի իրավիճակում, իր խնամքին անչափահաս երեխաներն են ու աշխատանքից ազատվելուց հետո ֆինանսական վիճակն էապես վատթարացել է, և իր ընտանիքի ապրուստը հոգալու համար ստիպված է եղել ստանձնել նոր դրամական պարտավորություններ։ Մյուս կողմից էլ իրավաբանական ծառայությունների արժեքն այնքան բարձր է եղել, որ չի կարողացել վճարել, բայց հետո արդեն կարողացել է անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել։
Դատարան, ի դեպ, նրա բացատրությունը հարգելի է համարել ու գործը վարույթ ընդունել։
Your browser doesn’t support HTML5
Գարեգին Խումարյանը՝ քրեական վարույթի մասին
Խումարյանը վիճարկում է Հանրային ռադիոյի տնօրենի անցած տարվա մրցույթի արդյունքներն ու պահանջում է վերականգնել իր խախտված իրավունքը։ Մրցույթի արդյունքներով նրան փոխարինել է Արմեն Քոլոյանը։ Նախկին տնօրենը մրցույթից առաջ ու հետո բազմիցս է պնդել՝ ընտրող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդն, իր հանդեպ խտրական վերաբերմունք է դրսևորել։
«Հանրային հեռարձակողի խորհուրդը այն կազմով, որով կա հիմա, որոշակի պատճառներով ո՛չ կարող է ինձ ընտրել, ո՛չ կարող է ինձ չընտրել։ Այս մրցույթը ոչ այդքան Հանրային ռադիոընկերության տնօրեն ընտրելու մասին էր, որքան իմ աշխատանքի վերադարձը կանխելու մասին», - ասաց Խումարյանը։
Պետական բյուջեից ֆինանսավորվող ընկերության ղեկավարի աթոռը թափուր էր մնացել անցած տարվա ապրիլից, ու թեև օրենքը թույլ էր տալիս Խումարյանի պայմանագիրը երկու տարով երկարաձգել, ռադիոընկերության կառավարող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը, որոշեց գնալ նոր ընտրության, բայց այս ամենից առաջ հրապարակվել էր Խումարյանի խմբագրականը, որը նա գրել էր Հանրային ռադիոյին տված Փաշինյանի հարցազրույցից հետո, և որն ակնհայտորեն դուրս չէր եկել հանրային հեռարձակողի խորհրդին։
Առանց սուր հարցադրությունների անցկացված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության մասին ցլերի, կարմիր հագուստների այլաբանությամբ էր խոսել։ Օրեր անց Խումարյանը Հանրային ռադիոյի կայքում հրապարակված խմբագրականում ներողություն էր խնդրել ունկնդիրներից ու գրել․ «Շատ հեշտ է ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են»։
Կարգավորող մարմինն անմիջապես արձագանքել էր այս հրապարակմանը, պնդել՝ տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնական դիրքը։ Գործին խառնվել էր լրատվամիջոցների անկախ դիտորդը, եզրակացրել՝ Խումարյանի հոդվածում էթիկայի նորմերի խախտում չկա, ապա հավելել՝ խորհրդի ձևակերպումներն իրավիճակին համարժեք չեն։
Գարեգին Խումարյանը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Քննչականի փոխանցմամբ՝ նախաքննությունն ավարտել են, գործն էլ ուղարկել դատախազին, որ հաստատի մեղադրականն ու ուղարկի դատարան։ Այս հոդվածով նախատեսվում է տուգանքից մինչև երեք տարվա ազատազրկում։ Լրագրողական կազմակերպություններն առայժմ չեն արձագանքել լրագրողի նկատմամբ քրեական հետապնդմանը։