«Եթե այսպես շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք վերանայել Հայաստանի հանդեպ մեր տնտեսական քաղաքականությունը», - ТАСС-ի հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԵՄ հարաբերությունների հնարավոր սերտացումը։
«Հայաստանի իրավունքն է որոշել, թե որտեղ են իրենք լինելու։ Երևանում, սակայն, հասկանում են, որ այդ դեպքում իրենց համար միանգամայն այլ մաքսատուրքերի ռեժիմ է գործելու, մեր երկրների միջև ապրանքների ազատ տեղաշարժ և առանց մաքսատուրքերի առևտուր այլևս չի լինի», - հայտարարել է Օվերչուկը։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ դա առաջին հերթին հարվածելու է հայաստանյան գյուղատնտեսությանը։
«Շուկայի առանձնահատկությունն այնպիսին է, որ հայկական արտադրանքը Ռուսաստանում պահանջված է։ Հայաստանի սահմանակից պետություններում ոչ խաղողի, ոչ ծիրանի, ոչ էլ մյուս մրգերի և բանջարեղենների հետ խնդիրներ չկան, նրանք իրենք էլ ունեն այդ ամենը։ Ռուսաստանն է Հայաստանի առաջնային շուկան։ Այս գործոնը Երևանում ևս պետք է հաշվի առնեն և կառնեն», - համոզմունք է հայտնել Օվերչուկը։
«ԵՄ միանալու դեպքում այն էներգակիրների և սննդամթերքի գները, որոնք Հայաստանը, որպես դաշնակից պետություն, Ռուսաստանից է ստանում, ևս կփոխվեն։ Բացի այդ Հայաստանը կկորցնի այն առավելությունները, որոնցից օգտվում է Իրանի հետ ազատ առևտրային գոտու շնորհիվ», - զգուշացրել է Ռուսաստանի փոխվարչապետը։
«Սա շատ վատ սցենար է, նախևառաջ շարքային քաղաքացիների համար, և մենք չէինք ցանկանա, որ դա իրականություն դառնար, ուստի անկեղծորեն խոսում ենք այդ մասին», - հավելել է Օվերչուկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օվերչուկ․ «Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնակի նվազելու է»