Մեղադրող դատախազը միջնորդեց ութ տարվա ազատազրկման դատապարտել Անդրեյ Ռազգիլդեևին

Ջուլիետա Ղուկասյանի գործով դատական նիստ, արխիվ

Մեղադրող դատախազը միջնորդեց ութ տարվա ազատազրկման դատապարտել գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալ ռուս զինծառայողին:

«Անդրեյ Ռազգիլդեևին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով», - նշեց դատախազը:

Այս հոդվածով առավելագույն պատիժը 10 տարի ազատազրկումն է: Պատժի կրման սկիզբը հաշվելու են Անդրեյ Ռազգիլդեևին արգելանքի վերցնելու օրվանից՝ 2018 թվականի դեկտեմբերից: Այսինքն, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ու 8 տարվա ազատազրկման դատապարտի, ապա վերջինս 1 տարի 3 ամիս կանցկացն քրեակատարողական հիմնարկում:

Ռազգիլդեևը պահվում է ռուսական 102-րդ ռազմաբազայում և դատական նիստերին հեռավար է մասնակցում:

Նախօրեին մեղադրող դատախազ Արամ Եդիգարյանը շուրջ 1,5 ժամ տևած ճառով հիմնավորում էր մեղադրանք: Պնդեց՝ Ռազգիլդեևը ևս 2 ռուս զինծառայողների հետ Գյումրիում մի քանի գիշերային ակումբներում են շրջել, վիսկի խմել ու զվարճացել: 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին առավոտյան ժամը 7-ի սահմաններում «Սլաբոտկա» թաղամասում է հանդիպել, կինը աշխատանքի գնալիս է եղել: Մինչ մահանալը հասցրել է պատմել, թե ով է եղել իր վրա հարձակվողը:

Բացի այդ, նաև նույն թաղամասի բնակիչներից մեկի վրա է հարձակվել, ով դատարանում ևս պատմել էր այդ մասին:

Ջուլիետա Ղուկասյանի մահվան պատճառը գանգուղեղին հասցված ծանր վնասվածքներն են եղել, ըստ դատաբժշկական փորձաքննության: Մինչ մեղադրողի ճառը՝ Ռազգիլդեևի փաստաբան Նարինե Ռշտունին մի քանի միջնորդություններ ներկայացրեց: Վերջինս մահից առաջ Ջուլիետա Ղուկասյանի տված ցուցմունքը ոչ իրավաչափ է համարում, միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել այն:

Մեղադրող կողմն առարկեց, դատավորն էլ որոշեց այս և Ռազգիլդեևի հեռախոսային գաղտնալսումը անթույլատրելի ապացույց համարելու միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը հայտնել դատական վերջնական ակտին զուգահեռ:

Նարինե Ռշտունին նաև կարողացել էր զրուցել Ռազգիլդեևի հետ գիշերային ակումբում եղած ծառայակցի հետ, միջնորդեց այդ զրույցը ևս որպես ապացույց կցել գործին:

Դատական հաջորդ նիստին արդեն պաշտպանական կողմը ճառով հանդես կգա, ապա տուժողի իրավահաջորդին և ամբաստանյալին կտրվի վերջին խոսքի իրավունք: Շուրջ 6 տարի տևած ու 5 դատավորի ձեռքի տակով անցած գործի քննությունն ավարտվում է:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Մեղադրող դատախազը միջնորդեց ութ տարվա ազատազրկման դատապարտել Անդրեյ Ռազգիլդեևին