Լեհաստանի զինված ուժերը օդ են բարձրացրել կործանիչներ և ՀՕՊ համակարգերը բերել բարձր պատրաստվածության՝ այն բանից հետո, երբ Ուկրաինային ռուսական հարվածների ժամանակ ԱԹՍ-երը հատել են Լեհաստանի օդային տարածքը, հայտնում են լեհական իշխանությունները։
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ ինքնաթիռները «օգտագործել են զենք թշնամական օբյեկտների դեմ»։ Վարչապետ Դոնալդ Տուսկը նույնպես ասել է, որ զինվորականները կրակ են բացել օբյեկտների վրա։
Լեհական զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ նշել է, որ Լեհաստանի օդային տարածքը մի քանի անգամ խախտվել է ԱԹՍ-երի կողմից՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման ընթացքում։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը միջադեպի և ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին:
ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի զինված ուժերն ասել են, որ լեհական և դաշնակից երկրների ռազմական ինքնաթիռները ակտիվացվել են՝ օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։ Նրանք նաև նշել են, որ մշտական կապի մեջ են ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ։
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկն ասել է, որ օպերացիան սկսվել է՝ չեզոքացնելու այն օբյեկտները, որոնք հատել են Լեհաստանի սահմանը։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ Լեհաստանը նաև փակել է չորս օդանավակայան, այդ թվում՝ Վարշավայում գտնվող Շոպենի գլխավոր օդանավակայանը։