Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերը առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։
Մայր Աթոռի փոխանցմամբ՝ Գարեգին Երկրորդը Լևոն 14-րդ Պապի ուշադրությանն է ներկայացրել նաև Արցախից տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։
«Հովվապետերը կարևորեցին Եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը միավորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման», - ասված է հաղորդագրությունում։
Գարեգին Երկրորդը Լևոն 14-րդ Պապին հրավիրել է այցելելու Հայաստան։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացան Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությունը։ Տեղի է ունեցել նվերների փոխանակում։
Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղել է նաև Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջև աղոթք բարձրացրել առ Աստված վախճանյալ Քահանայապետի հոգու հանգստության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Վատիկան, կհանդիպի Հռոմի Պապի հետ