Գյումրիի ավագանին երեկ նիստը ուշ սկսեց և ուշ էլ ավարտեց՝ աշխատանքային օրվա ավարտից 1,5 ժամ անց: Ընտրությունից ի վեր՝ անցած մոտ կես տարում ամենաթեժ մթնոլորտում անցկացված նիստն էր թերևս: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ուղերձ ներկայացրեց, որը ավագանին պետք է ուղղեր կառավարությանը:
Քննադատության սլաքն ուղղեց ՔՊ-ի կողմը, հիշեցրեց քաղաքային նախկին իշխանության հետ կոալիցիոն հուշագիրն ու դրա խզումը, «արդյունքում Գյումրին տուժեց», պնդում է երկու մանդատ ունեցող խմբակցության ղեկավարը:
«Կազմեցիք հուշագիր ու ստանձնեցիք քաղաքի կառավարումը, ամբողջությամբ տապալվեց: Տապալվեց ամբողջ երկրի առջև ու Գյումրի քաղաքի բնակիչների առջև», - նշեց Սիմոնյանը:
ՔՊ-ից պատասխանը չուշացավ. խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հակադարձեց ու ասաց, որ ինքը ի սկզբանե համոզված է եղել՝ «Բալասանյան» դաշինքի հետ ՔՊ-ի կոալիցիոն հուշագիրը երկար կյանք չի ունենալու:
Մինասյանը արդարացավ, թե առանց ազատ տնտեսական գոտու էլ կառավարության կողմից իրականացվում են ծրագրեր մարզում և մասնավորապես Գյումրիում: Հենց այստեղ էլ վեճի բռնվեցին երկու խմբակցությունների ղեկավարները:
Վարդան Ղուկասյանը միջամտեց, թե աշխարհում ընդունված է արտոնություններ տալ աղետ տեսած քաղաքներին, որ կարողանան ոտքի կանգնեն: Մինչդեռ Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու բազմաթիվ առաջարկները այդպես էլ թղթի վրա են մնացել: Երկրաշարժից 37 տարի անց դրա անհրաժեշտությունը քաղաքային իշխանությունը դեռ տեսնում է:
Կրքերն էլ ավելի բորբոքվեցին ՔՊ-ը խմբակցության ավագանու անդամներից Լևոն Անանյանի ելույթից հետո, ով պնդեց, թե 15000 աշխատատեղ ու 500 մլն դոլարի ներդրման մասին ներկայացված ազատ տնտեսական գոտու ծրագիրը կենաց է հիշեցնում:
Հակադարձելու հերթը Կարեն Սիմոյանինն էր, ով նեղսրտել էր Լևոն Անանյանի ելույթից ու ամբիոնի մոտ հասնելով՝ կրկին վիճաբանության մեջ մտավ ՔՊ-ականների հետ:
Թեժ մթնոլորտում քաղաքապետը չէր կողմնորոշովում՝ ինչ անել: Մեկ հարցը հետաձգելու մասին որոշեց, հետո, այնուամենայնիվ, քվեարկության դրեց, ու իրենց համար անակնկալ ուղերձն ընդունվեց: ՔՊ-ականները ձեռնպահ քվեարկեցին:
Երեկ Օրակարգից հանված մի քանի հարցերի թվում նաև Գյումրու օրվա միջոցառումն էր, որի համար ավագանին պետք է 6 մլն դրամ հատկացներ: Հարցը հանվեց օրակարգից:
Ավագանու այս որոշումից հետո ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը գրառում էր արել, թե գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրելու այս հարցով:
Կոմունիստական կուսակցությունը ևս արտահերթ նիստ կհրավիրի նույն՝ Գյումրու օրը տոնակատարություն անցկացնելու օրակարգով:
Քաղաքապետարանի կայքի համաձայն՝ արտահերթը կլինի սեպտեմբերի 22-ին՝ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ. ինչպես «Ազատությանը» փոխանցեցին քաղաքապետարանից՝ Գյումրու օրվա տոնակատարությունից բացի օրակարգում այլ հարցեր էլ են ընդգրկված: