Լրացավ Արցախի անկման երկրորդ տարին

Այսօր լրանում է Արցախի հայաթափման երկրորդ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

2023 թվականի այս օրը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող, 15 հոգի անհետ կորած է համարվում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում՝ նրանցից 8 -ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։

Արցախում Ադրբեջանի ռազմական գործողություններին նախորդել էր 10-ամսյա բլոկադան․ Արցախը շուրջ տասն ամիս կտրված էր սննդի մատակարարումներից։ Արցախցիներն ապրում էին առանց էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի և դեղորայքի, ջրի պաշարները սպառման եզրին էին։

Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։

2023 թ. սեպտեմբերի 19-ի առավոտը

2023-ի սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանը հաղորդեց, թե Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հատվածում Արցախի պաշտպանական բանակի կողմից տեղադրված հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 2 քաղաքացիական անձինք, ովքեր այդ տարածքում էլկտրամոնտաժման աշխատանքեր էին անում։

Մի քանի ժամ անց Բաքուն հաղորդեց մեկ այլ պայթյունի մասին, այս անգամ էլ պնդելով, թե «ահաբկեչության» հետևանքով մահացել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության 4 աշխատակիցներ, ովքեր «ԿամԱզ»-ով Թաղավարդ գյուղի ճանապարհով ուղևորվում էին ավելի վաղ տեղի ունեցած պայթյունի վայր։ Պաշտոնական Բաքուն պնդեց, թե տեղի ունեցածը ցույց է տալիս, որ «Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմի նպատակը ահաբեկչությունն է»։

Ստեփանակերտը հերքեց Բաքվի բոլոր մեղադարանքները։

«Հակաահաբեկչական գործողություններ» Արցախում

Ադրբեջանը հայտարարեց՝ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություններ» է սկսում, այդ թվում՝ «վերականգնելու Ադրբեջանի հանրապետության սահմանադրական կարգը»՝ նշելով, թե իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը։

Բաքուն հայտարարեց, թե «տարածաշրջանում խաղաղության համար անհրաժեշտ է հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից»։ ՀՀ ՊՆ-ն էլ հակադարձեց՝ Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։

Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ ժամը 13-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով, իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ Արցախի պաշտպանության բանակի պաշտպանության խորքը։ Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան:

Ժամը 16-ի սահմաններում, արդեն վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններ կային։

Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվեցին նաև սեպտեմբերի 20-ի առավոտյան։

Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ և ժամը 15։00-ի սահմաններում կրակն Արցախում դադարեց։

Բաքուն հայտարարեց, որ Ղարաբաղի հայերի ինտեգրման ծրագիրը պատրաստ է և սեպտեմբերի 20-ին նախատեսվում է հանդիպում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

2023թ․ սեպտեմբերի 21

Սեպտեմբերի 21-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանեց Եվլախ, որտեղ մեկնարկեց հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Ավելի ուշ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:

2023թ․ սեպտեմբերի 28

Սեպտեմբերի 28-ին Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որում նշվում էր, որ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը, մինչև հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները։