Հունգարիան հրաժարվում է դադարեցնել ռուսական նավթի ներմուծումը՝ չնայած Թրամփի պահանջին

Հունգարիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական էներգակիրներից, հայտարարել է երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող ապահովել մեր երկրի էներգամատակարարման անվտանգությունը առանց ռուսական նավթի և գազի։ Կարելի է երազել այլընտրանքային աղբյուրներից գնելու մասին, սակայն մենք կարող ենք գնել միայն այն տեղերից, որտեղ համապատասխան ենթակառուցվածք կա։ Իսկ եթե նայեք ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանց ռուսական մատակարարումների դա պարզապես անհնար է», – ասել է Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի պահանջը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է նոր խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեցնեն ռուսական նավթի գնումները։ «Ես պատրաստ եմ լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, երբ բոլոր ՆԱՏՕ-ի երկրները դադարեցնեն ռուսական նավթի գնումը», – գրել էր Թրամփը Truth Social-ում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ. Պատրաստ եմ ՌԴ-ի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ սահմանել, երբ ՆԱՏՕ-ի երկրները դադարեն ՌԴ-ից նավթ գնել