Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԿԸՀ-ն նախընտրական մրցավազքից հեռացրել է «Մոլդովայի սիրտ» ընդդիմադիր կուսակցությանը․ որոշումը հաջորդում է դատարանի վճռին, որով մեկ տարով կասեցվել է ընդդիմադիր ուժի գործունեությունը։
Նման պահանջով Քիշնևի վերաքննիչ դատարան էր դիմել Մոլդովայի արդարադատության նախարարությունը։
«Մոլդովայի սիրտը» խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակցում էր «Հայրենասիրական դաշինքի» կազմում։
Մինչ այդ՝ այս ամսվա սկզբին ընդդիմադիր կուսակցությունում իրավապահները խուզարկություններ են անցկացրել ընտրակաշառքի, ապօրինի ֆինանսավորման, փողերի լվացման գործով։ Դատախազությունը հաղորդել էր երեք ձերբակալվածի մասին։
Գագաուզիայի նախկին ղեկավար Իրինա Վլահի գլխավորած կուսակցությունը դատապարտել է ԿԸՀ որոշումը, պնդելով, որ այն «քաղաքական ներկայացման վերջին արարն» է։ Գագաուզիան Մոլդովայի ամենառուսամետ շրջաններից մեկն է։
«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության հաշվարկներով՝ քաղաքական գործունեության իրավունքից զրկված ընդդիմադիր դաշինքը կարող էր ընդհուպ մինչև 24 տոկոս քվե ստանալ։
«Հայրենասիրական դաշինքի» անդամներն ու աջակիցները ԿԸՀ որոշումը դիմավորեցին բողոքի ցույցերով՝ կառավարությանը մեղադրելով «անհարմար հակառակորդներին» ընտրարշավից հեռացնելու փորձերի մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայի չորս ռուսամետ կուսակցություն միավորվել է ընդդեմ իշխանության՝ կայանալիք ընտրություններում