Վարկածը շարունակում է մնալ այն, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանությունը այս տարվա փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Ըստ քննության արդյունքների այս պահին առկա տվյալների՝ վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը», - ասաց Սարգսյանը:
Փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այս գործով մեղադրյալներից է նաև սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։ Նա տնային կալանքի տակ է։
Նարեկ Սարգսյանն ընդգծեց. «Փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ: Տասնյակից ավելի անգամներ ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ինչպես նաև Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել են տեղեկություններ, որ X ժամի X հատվածում պետք է հավաքվեն ու հերթական անգամ պարզեն հարաբերություններ: Անմիջապես բոլոր կողմերից անձինք հայտնաբերվել են, ներկայացվել են բաժին, բացատրական աշխատանքներեն տարվել»:
Հարցին՝ արդյոք այս ամիսներին ոստիկանությունը խուզարկե՞լ է միջադեպի մասնակից անձանց տները, ՆԳՆ խոսնակը պատասխանեց. «Մի քանի անգամ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, սակայն չի հայտնաբերվել ոչինչ»։
Պատգամավորների, նախարարների հարցաքննության վերաբերյալ լրագրողի հարցին Նարեկ Սարգսյանը չպատասխանեց՝ ըստ էության ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով տեղեկությունը։
Քննչականն այսօր ավելի վաղ հայտնել է, որ Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն հաստատում է՝ Մերձավանում սպանության գործով կա մեկ ձերբակալված