«Այստեղ գլխիկոր մտնում եմ, գլխիկոր դուրս գալիս». Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հինգերորդ տարելիցն է

Կապիտան Արսեն Հարությունյանի մայրը հինգ տարի է՝ որդուն չի կանչում, ձեռքի վրա է դաջել՝ «Արսեն Բալաս»։

«Այստեղ գլխիկոր մտնում եմ, գլխիկոր դուրս գալիս, որ չկարողացանք պահել հողը», - նշեց նա:

Արցախի կորստից 44-օրյայում պարտության վերաբերյալ իշխանական դեմքերի փոփոխվող վարկածներից հետո զոհերի հարազատներն ավելի ու ավելի են կուչ գալիս. «Ցավոտ է։ Երբ վարչապետը կանգնեց, ասեց կարայինք պատերազմը կանգնեցնեինք առանց զոհերի, արդյունքը նույնն էր կամ զոհերով։ Այսինքն այս 5000 մատղաշ երեխան խանգարում էր մեր վարչապետին։ Չգիտեմ»։

Սևակ Զաքարյանի որդին ընդամենը 18 տարեկան էր, ընդամենը 12 օրվա ծառայող, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Հայրը հայացքով անցնում է ծածանվող դրոշների տակ ժպտացող հազարավոր դեմքերի վրայով ու հարցնում՝ ինչո՞ւ։

Հայաստանի վարչապետի վերջին հիմնավորումը, թե ինչո՞ւ չգնաց զիջումների, այն է, որ դրա արդյունքում Հայաստանի կախվածությունները մեծանալու էին այնքան, որ կհանգեցնեին պետականության կորստի։ Փաշինյանն ասում էր՝ ընտրեց իրական Հայաստանն ու հասավ խաղաղության. «Եվ ուրեմն խաղաղ զարգացման դարաշրջանը ահա բացված է»։

Վրեժ Ավետիսյանի մայրը խաղաղության հույս ունի, բայց ոչ իր համար, ասում է՝ իր ու բախտակիցների համար պատերազմը չի ավարտվելու. «Եթե մենք զոհ ունենք, ուրեմն պատերազմը չի վերջացել, չի վերջանում մեր համար, չգիտեմ ում համար կվերջանա, բայց մեր համար չի վերջանում»։

Սումգայիթից Բաքու հարս գնացած, հետո փախստականի կարգավիճակով Արցախ հասած, հիմա էլ նորից փախստական դարձած Լուսյա Հարությունյանը միմիակ որդու կորստից հետո խաղաղ հարևանություն չի պատկերացնում։

Բարձր ամբիոններից իրենից շատ հեռու հնչած ոչ մի ելույթ չի լսել Օլյա Մկրտչյանը։ Թոռնիկն է Արամը, փեսային էլ Ստեփանակերտում են հուղարկավորել։ Տուն է ուզում Արամի տատիկը, արտասվում է երեխայի պես։

«Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը», - այս նախադասությունն է այսօր սոցցանցի իր էջում գրել Նիկոլ Փաշինյանը։

Նա այս նախադասությամբ ծնկի իջավ Անկախության տոնին Արմավիրի ֆեստիվալում, ծնկի իջավ կուսակցական համաժողովի ժամանակ։ Ամեն անգամ հավաքվածներին բացատրում էր, որ դրան պիտի հետևեն, կեցցեներ։

«Եռաբլուր»-ում այսօր խորհրդարանական ընդդիմության ու արցախի իշխանության ներկայացուցիչներն էին: Շուտով շրջանառության մեջ է դրվելու օրենքի մի նախագիծ որով բոլոր պատերազմների բոլոր զոհերի հիշատակի օր է հռչակվելու հունվարի 27-ը՝ Բանակի տոնի նախօրեն, ընդդիմությունը դեմ է։

Ինչո՞ւ ոչ այս օրը, երբ սկսվեց 44-օրյա աղետը կամ սեպտեմբերի 19-ը Արցախի անկման սկիզբը, դեմ է նաև իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Խորհուրդ կտամ նույն Ռուբեն Ռուբինյանին ու Գեղամ Նազարյանին և ընդդիմությանն էլ, ի դեպ, որ սեպտեմբերի 19-ը կամ սեպտեմբերի 27-ը հայտարարեն Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման օր։ Եթե ցեղասպանությունը իրենց դուր չի գալիս, վիճարկում են, ապա էթնիկ զտում», - նշեց Բեգլարյանը։

Իսկ զոհերի համար այդ նախաձեռնությունը եղած-չեղած մի հաշիվ է։

Իշխանություններին խնդրում են ասֆալտապատել «Եռաբլուրի» ներքևի շիրիմներին մոտեցնող ճանապարհը։ Վաղուց են խնդրում։ Քարերի վրայով դժվար է հավասարակշռություն պահպանել և ընդհանրապես դժվար է հավասարակշռություն պահպանել։