«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում և փաստաթղթերում երբեք չի եղել, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:
Ալիևը նախօրեին ՄԱԿ-ի ամբիոնից ավելի քան 15 րոպեանոց ելույթի ընթացքում ընդգծեց՝ խաղաղության մասին Ադրբեջանի պատկերացումների հիմքում «Զանգեզուրի միջանցքն» է։ «Տարածաշրջանային հաղորդակցությունը մեր տեսլականի հիմքն է երկարատև խաղաղության համար։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին է (TRIPP), որը կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով և կամրապնդի տարածաշրջանային կապերը», - ասել է նա:
TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով, հայտարարեց Փաշինյանը. «Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից, TRIPP ուղին թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ նշանակություն ու ազդեցություն է ունենալու»։
«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից օգտագործում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան–Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել», - հայտարարեց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ «իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով»:
«Հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», - հայտարարեց Փաշինյանը։
Ընդգծելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հստակ բովանդակություն և խոսույթ են համաձայնեցվել, վարչապետ Փաշինյանն ասաց. «Այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած և կամ այս ամբիոնից հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում, խաղաղության մթնոլորտից և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում»։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Չեմ հասկանում, որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի՞ պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է»։
«Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող և նեգատիվ ազդեցություն և ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված և հռչակված պայմանավորվածությունների», - ընդգծեց նա։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին
«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում և համոզված եմ տեսանելի ապագայում բերելու է դրական արդյունքների, այն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»։
Օրերս էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ընթանում է նախատեսվածի համաձայն:
Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի վերջին՝ երևանյան հանդիպումը սեպտեմբերի 12-ին էր: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը, մտքեր փոխանակել 2022-ի հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:
Your browser doesn’t support HTML5
«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից». Փաշինյան