Մոսկվան ու Կիևը ԱԹՍ զանգվածային հարձակումների մասին են հաղորդում

Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքները

Վոսկրեսենսկում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից հետո բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 76-ամյա կին և նրա 6-ամյա թոռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը երկրի ութ մարզերի երկնքում խոցվել է 78 ուկրաինական անօդաչու։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի տեղեկացմամբ՝ Վոսկրեսենսկում և Կոլոմնայում ՀՕՊ ուժերը խոցել են չորս դրոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բրյանսկի մարզի երկնքում խոցվել է 24 անօդաչու։ Ուկրաինական Supernova+ և Astra տելեգրամ ալիքները հայտնել են, որ թիրախավորվել է Կարաչևի «Էլեկտրոդետալ» գործարանը, որը պատկանում է «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնին: Այն արտադրում է ռազմական արդյունաբերության համար նախատեսված էլեկտրական միացուցիչներ։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր հաղորդագրության մեջ գործարանի մասին չի հիշատակել, նշելով միայն, որ զոհեր ու վիրավորներ չկան։

Ուկրաինան, իր հերթին, հաղորդել է Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերի վրա տասնյակ անօդաչու սարքերի հարձակման, վարչական և բնակելի շենքերի վնասման մասին, կան տուժածներ։