ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ

64 կողմ ձայնով Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ:

«Քաղաքացիական պայմանագրի» հեղինակած նախագիծը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հղում անելով վաշինգտոնյան համաձայնություններին, որպես հիմնավորում ներկայացրեց այն, որ ԱԺ-ն՝ ստեղծված իրողություններում որպես առաջնային մանդատը կրող մարմին, իր աջակցությունն է հայտնում այդ գործընթացներին:

«Եվ ամփոփելով՝ կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար», - ընթերցեց նա։

Հայտարարության նախագիծն ընդունվեց արտահերթ նիստում։ Նիստը գումարվեց քառօրյայի ավարտից անմիջապես հետո։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չմասնակցեցին։ Ըստ էության, նրանք կեղծ օրակարգ են համարում հաստատված խաղաղությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ ասել էր՝ խաղաղության հաստատման մասին հայտարարությունները կեղծ են, և այդ պատճառով իրենք չեն մասնակցի այդ օրակարգով «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստին։

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ պնդել է, թե ԱԺ հայտարարության նախագիծը «աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը»: