Նորվեգիայի Օսլոյի օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են վայրէջքները՝ օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին հաղորդումից հետո։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նորվեգական NTB գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի գիշերը՝ կեսգիշերից հետո։ «Norwegian Air» ավիաընկերության օդաչուն ոստիկանությանը հայտնել է, որ օդանավակայանին մոտենալիս նկատել է երեքից հինգ անօդաչու թռչող սարք։ Դեպքից հետո մի քանի օդանավերի վայրէջքներ տեղափոխվել են դեպի այլ օդանավակայաններ։
Ոստիկանության տվյալներով՝ տեղեկությունը դեռևս չի հաստատվել, իսկ առավոտյան Օսլոյի օդանավակայանի աշխատանքը լիովին վերականգնվել է։
Վերջին շաբաթներին Եվրոպայի մի շարք օդանավակայաններ, այդ թվում՝ Կոպենհագենը, Օսլոն և Մյունխենը, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը անօդաչու սարքերի նկատման հետևանքով։