Վանաձորի նախկին քաղաքապետն ու ևս չորս անձ մեղադրյալ՝ մաքրման կայանի թալանի գործով

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյան, արխիվ

Վանաձորի մաքրման կայանի թալանի գործը հասել է դատարան: Այս գործով մեղադրյալ են Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երեք հոգի:

Իրավապահները հայտնում են, որ Դարբինյանը քաղաքապետ եղած տարիներին՝ 2010-ին, կազմակերպել է կեղտաջրերի մաքրման չգործող կայանի աճուրդ, որը սկզբից մինչև վերջ եղել է ձևական։ Նպատակն է եղել քանդել կիսակառույց կայանը և հափշտակել դրա 2 կիլոմետր երկարությամբ խողովակաշարը, պնդում են իրավապահները։

Ըստ 6 տարի քննություն իրականացրած քննիչների՝ Դարբինյանը նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել այդ ժամանակվա ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանի և նրա խնամի Արթուր Սարուխանյանի հետ։ Մաքրման կայանը քանդելու և տարածքն ազատելու նպատակով շինությունները աճուրդով վաճառքի է հանել, Հանրային ՀԸ-ն ասել է Քննչական կոմիտեի վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանը:

«Չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները և նախնական համաձայնություն է ձեռք բերել այդ ժամանակվա 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լևոն Երանոսյանի հետ մաքրման կայանի շենք շինությունները ապօրինի ապամոնտաժելու և Երանոսյանի կողմից ներկայացված անձի օգտին աճուրդում հաղթող ճանաչելու հանգամանքների շուրջ: Դրանից հետո կազմակերպվել է արդեն ձևական աճուրդը, որին մասնակցել է Լևոն Երանոսյանի հետ խնամիական կապերի մեջ գտնվող Վանաձոր համայնքի բնակիչ Արթուր Սարուխանյանը: Հաղթող է ճանաչվել Արթուր Սարուխանյանը, որից հետո՝ արդեն 2010 թվականի ընթացքում, Սարուխանյանի հետ կնքվել է շենք-շինությունների առուվաճառքի վերաբերյալ պայմանագիր»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել ու Սեյրան Դարբինյանները 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեցին

Աճուրդում հաղթող ճանաչված Արթուր Սարուխանյանն ընդամենը 63 միլիոն դրամով ձեռք է բերել իրականում 3,5 անգամ թանկ մաքրման կայանն, ու թանկարժեք խողովակաշարն անվնաս ապամոնտաժելուց հետո դրանք տեղափոխվել են նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող Մարցի հիդրոէլեկտրակայան: Չնայած Դարբինյանները հերքում են իրենց մեղքը, բայց Քննչականից վստահեցնում են, թե տարիներ տևած փորձաքննությամբ հաստատվել է՝ Դարբինյանների ՀԷԿ-ը հենց մաքրման կայանի խողովակներով է կառուցվել:

«Առանց որևէ փաստաթղթի, որը կհիմնավորեր դրանց ձեռքբերումը, օգտագործել են իրենց փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքում և շինարարությունը հասցրել ավարտին», - ներկայացրել է քննիչը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դարբինյան եղբայրները՝ տնային կալանքի տակ. 18 տարի տևած գործի շրջադարձը


Գործողությանը, ըստ ՔԿ-ի, մասնակցել են նաև նախկին քաղաքապետի եղբայրը՝ Սեյրան Դարբինյանն, ու նրանց ընտանիքին պատկանող «Արգիշտի-1» ընկերության փոխտնօրեն Մարտուն Անանյանը։ Վերջինս նրանց «օժանդակել է յուրացման գործում»։ Իրավապահների գնահատմամբ՝ Վանաձորին պատճառվել է ավելի քան 177 միլիոն դրամ։

Մաքրման կայանը դեռ 2005 թվականին կառավարության որոշմամբ 240 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով փոխանցվել էր համայնքին։

Մաքրման կայանը կառուցվել է խորհրդային տարիներին, գրեթե ավարտված է եղել, բայց այն չի գործել: Այժմ նախկին մաքրման կայանի տեղում շինությունների մնացորդներն են՝ առանց խողովակաշարի ու թանկարժեք այլ սարքավորումների:

Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանին մեղսագրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով յուրացում, ինչպես նաև փողերի լվացում։ Մյուս մեղադրյալները մեղադրվում են փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման և առանձնապես խոշոր չափերի գույքի յուրացման համար։

Դարբինյան եղբայրներն այս գործով մեղադրյալ դարձան միայն վեց տարվա նախաքննությունից հետո: Դեռ երեք տարի առաջ Լոռու մարզի դատախազն «Ազատությանն» ասել էր, որ խողովակների փորձաքննություն են նշանակել, սպասվում էր, որ դրա պատասխանը շատ շուտով կլինի, բայց տարիներ անց էլ միայն նշում էին, որ գործում առաջընթաց չկա: Միայն այս տարվա հունիսին հանկարծ Դարբինյան եղբայրները ձերբակալվեցին, հետո տնային կալանքի տակ ընդամենը մեկ ամիս մնալուց հետո գրավի դիմաց ազատ արձակվեցին: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ դեռևս դատական նիստեր տեղի չեն ունեցել: