Թրամփ․ ԱՄՆ-ն Tomahawk հրթիռներ կփոխանցի Կիևին, եթե Մոսկվան չգնա պատերազմի կարգավորման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չգնա պատերազմի կարգավորման, ապա Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային փոխանցել Tomahawk («Տոմահավկ») թևավոր հրթիռներ։

Թրամփի խոսքով՝ նա մտադիր է այս հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Հնարավոր է՝ ստիպված լինեմ խոսել Ռուսաստանի հետ «Տոմահավկ»-ի վերաբերյալ։ Ուզո՞ւմ են, որ «Տոմահավկ»-ները թռչեն իրենց ուղղությամբ։ Չեմ կարծում։ Մտածում եմ՝ արժե խոսել Ռուսաստանի հետ այս թեմայով», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում Իսրայել մեկնելու ճանապարհին։

Եթե որոշումը ընդունվի, ԱՄՆ-ը հրթիռները կվաճառի ոչ թե անմիջապես Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք այնուհետև կկարողանան փոխանցել Կիևին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե ստանան հրթիռները, դրանք երբեք չեն օգտագործվի խաղաղ բնակչության դեմ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ որոշումը «մի կողմից արդեն կայացրել է», սակայն նախ ցանկանում է պարզել, թե Ուկրաինան ինչպես է պատրաստվում օգտագործել այդ հրթիռները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, հայտարարել է, որ հրթիռների փոխանցումը Կիևին «ոչինչ չի փոխի ռազմաճակատում»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը հարմարվել են ամերիկյան ATACMS հրթիռներին և սկսել են դրանք խոցել, սակայն նոր մատակարարումները կբարձրացնեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը։