Կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն՝ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը:

Ըստ հայտարարության՝ Տ. Արամ քահանա Ասատրյանը՝ «Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին: Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց: Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը»:

Այսուհետ, ըստ հաղորդագրության Արամ քահանա Ասատրյանը կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքելով հայտարարել է՝ «խստորեն դատապարտում եմ Կտրիճ Ներսիսյանի հերթական հակաեկեղեցական քայլը»:

«Տեր Արամին կարգալույծ անելը որևէ կերպ արդարացված չէ և Կտրիճ Ներսիսյանի ապօրինի ճնշումների մաս է: Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն պիտի լքի վեհարանը, այլ հենց ինքը պիտի կարգալույծ արվի», - նշել է նա:

Կարգալույծ արված քահանա Տեր Արամն էլ արձագանքել է՝ իր ֆեյսբուքյան էջում նշելով. «Այսօր առավոտյան Կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու Հանձնախմբի հետ (մինչ այդ շուրջ մեկ ամիս խնդրել եմ ինձ ներկայացնել Հանձնախմբի հետ հանդիպելու նպատակը) և իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է հայտնի «տնօրինության» որոշումը։ Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու Հանձնախումբը նվազագույնը երկու տարի չի արձագանքել Կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին»։

Տեր Արամ քահանան կիրակի օրը հրավիրում է Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու պատարագի՝ նշելով, որ պատարագը կմատուցի ինքը:

Վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տեր Արամը հերքում է իր մասնակցությունը Արագածոտնի թեմի շուրջ զարգացումներինԿան եպիսկոպոսներ, որ ոչ թե եկեղեցի, այլ քաղաքականություն են մտնում. Արամ քահանա«Զազրելի բարքեր ու բարձիթողի կանոններ». Տեր Արամ քահանան քննադատում է եկեղեցական բարձրաստիճաններին