Հնդկաստանում վթարի հետևանքով ավտոբուս է այրվել , կա 20 զոհ

Հնդկաստանի հարավում վթարի հետևանքով այրված ավտոբուսը, Անդրա Պրադեշ, հոկտեմբերի 24

Հնդկաստանի հարավում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է Reuters գործակալությունը։

«Տասնմեկ մարմին արդեն նույնականացվել է, իսկ ինը՝ դեռևս ոչ։ Որոշ մարմիններ այնքան են այրվել, որ դժվար է նույնականցնել», - հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Վիկրանտ Պատիլը։

Ոստիկանության հաղորդմամբ՝ մոտոցիկլետը հետևից բախվել է ավտոբուսին և խրվել վառելիքի բաքի տակ, ինչի հետևանքով էլ պայթյուն է տեղի ունեցել։

18 ուղևորներ կարողացել են փրկվել, սակայն շատերը քնած են եղել հրդեհի բռնկման պահին։ Ոստիկանությունը չի բացառել, որ զոհերի մեծ թվի պատճառը կարող էր լինել նաև ավտոբուսի խցանված դուռը, որը խանգարել է ժամանակին դուրս գալ։